Թեեւ ԲՀԿ-ականներն ասել էին, որ դեկտեմբերի 1-5-ի ընթացքում Գագիկ Ծառուկյանը կհայտարարի նախագահի ընտրություններում իր դիրքորոշման մասին, այնուամենայնիվ, երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդը դեկտեմբերի 4-6-ը կլինի Բրյուսելում: «Ծառուկյանի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ Բելգիայից Ծառուկյանը որեւէ հայտարարություն չի անի: Ու չնայած ներկայանալի հաղորդագրությանը, ամենայն հավանականությամբ, Բրյուսելում որեւէ էական ու նշանակալից հարց չի քննարկվելու:

Պարզապես եւս 2-3 օր կարող է հետաձգվել «չարաբաստիկ» որոշման մասին հայտարարությունը:

«Ժողովուրդ»-ի աղբյուների փոխանցմամբ՝ Ծառուկյանն իրարամերժ խոստումներ է տվել եւ Ս. Սարգսյանին, եւ Ռ. Քոչարյանին, եւ Լ. Տեր-Պետրոսյանին: Երեք նախագահների կողմնակիցներն էլ չգիտեն, թե հատկապես ում հետ զրույցում է անկեղծ եղել ԲՀԿ առաջնորդը: Դրա համար էլ բոլորը լռում են, իսկ Ծառուկյանն էլ շարունակում է խաղալ»,- գրում է թերթը:

Թերթը նաեւ նշում է. «Իհարկե, առաջին հայացքից թվում է, թե խոսքը բավական լուրջ ու նշանակալից հանդիպումների մասին է: Սակայն «Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ դրանք այդքան էլ լուրջ բնույթ չեն կրում, ինչպես որ ճոխ-ճոխ ներկայացված է հայտարարության մեջ, եւ որեւէ էական ու կարեւոր հարց այնտեղ չի քննարկվելու, ոչ էլ ԲՀԿ-ի համար շատ հարցերի պատասխան է տրվելու: