Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամբողջությամբ հերքել է մամուլի հրապարակումը, որն իրականությանը չի համապատասխանում:
ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ համաձայն Ընտրական օրենսգրքի՝ հանրապետության նախագահի ընտրության օրվա մասին հանրային ռադիոյով եւ հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ: Իսկ պետության ղեկավարն ընտրության օրվա հետ ոչ մի կապ չունի:
Մինչդեռ «Ժամանակ» թերթն այսօրվա համարում գրել էր, որ նախօրեին պարզաբանման համար դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով. «ԿԸՀ լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, թե ՀՀ Սահմանադրության համաձայն, ընտրությունների հետ կապված հայտարարությունը անելու է ՀՀ նախագահը Հանրային հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, բայց դեռ չի արել», - գրում է «Ժամանակը»։
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ այս պահին հայտնի չէ, թե երբ պաշտոնապես կհայտարարվի նախագահի ընտրության ամսաթիվը:





























