Ռուսաստանի նախագահի աշխատակազմում, որտեղ բազմիցս հերքել են  Վլադիմիր Պուտինի առողջական խնդիրների մասին լրատվամիջոցների տարածած լուրերը,  այլեւս պարզաբանումներ իմաստ չեն տեսնում եւ այս թեմայով հետագա հրապարակումները համարում են շահարկումներ:

«Հոգնել եմ բացատրելուց: Դրանում այլեւս ոչ մի իմաստ չեմ տեսնում: Նրանք, ովքեր չեն ցանկանում լսել, դա անում են տարբեր շահարկումների համար», - ասել  է  նախագահի մամուլի  քարտուղար Վլադիմիր Պեսկովը, գրում է gazeta.ru-ն:

Պետության ղեկավարի մամուլի քարտուղարի այս մեկնաբանությունը կապված էր Ստամբուլ կատարած այցի ժամանակ Պուտինի մեջքի ցավերի մասին լրատվամիջոցների նոր հրապարակումների հետ:

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Թուրքիա կատարած այցի լուսաբանման ընթացքում թուրքական եւ միջազգային լրատվամիջոցները հատուկ ուշադրություն էին դարձրել ռուսական նախագահի մեջքի հնարավոր ցավին: 

Milliyet-ում հրապարակված լուսանկարներում երեւում է, որ Վլադիմիր Պուտինը մեջքի ուժեղ ցավեր է զգացել, այն աստիճան, որ նրա թուրք գործընկերը օգնության է  եկել՝ ռուս նախագահին աթոռին նստեցնելով: