Մշակվել է կայուն զարգացման նոր ծրագիր, որում նախատեսվում է արդյունաբերական քաղաքականության հիման վրա մինչեւ 2025 թ. ստեղծել 250 հազ. նոր աշխատատեղ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ 2013 թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումների շրջանակներում; 

Ըստ Տ. Սարգսյանի՝ շահագրգիռ քննարկուներ տեղի ունեցան պատգամավորների, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորների հետ:  «Անկեղծորեն ցանկացել ենք գտնել համագործակցության եզրեր ընդդիմության հետ»,- ասաց Տ. Սարգսյանը: Որպես օրինակ՝ վարչապետը խոստացավ, որ առաջիկայում կառավարությունն ավելի մանրակրկիտ հաշվարկներ կներկայացնի պետական բյուջեի եկամուտների վերաբերյալ՝ ըստ առանձին հարկատեսակների (այդ պահանջը մշտապես հնչում է Հրանտ Բագրատյանի կողմից):

Անդրադառնալով դպրոցաշինության հարցերին (ինչի վերաբերյալ պատգամավորները բազմաթիվ առաջարկներ են ներկայացնում)՝ Տ. Սարգսյանն ասաց, որ այս պահին 300 դպրոցներում լուրջ ներդրումներ կատարելու անհրաժշտություն կա, սակայն միայն 85 դպրոցներում են ընթանում աշխատանքներ, այն էլ՝ ընթացիկ: Ընդհանուր առմամբ՝ դպրոցաշինության կարիքները գնահատվում են 500 մլն դոլար, ու ֆինանսավորման հարցը քննարկվում է դոնոր կազմակերպությւոնների հետ: