Որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան կոշտանում են քաղաքական ուժերի հայտարարությունները եւ այդ իրավիճակը նախընտրական շրջանում կարող է բնորոշ լինել ցանկացած երկրում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Հայաստանի խորհրդարանում, հայտարարությունների ժամին հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Նրա խոսքով, քաղաքական մշակույթն ու ողջամտությունը, սակայն, ենթադրում են, որ պայքարը պետք է տեղի ունենա առողջ մրցակցության, համագործակցության եւ երկխոսության պայմաններում:

«Միայն առողջ պայքարը եւ երկխոսությունը կարող են հանգեցնել զարգացման եւ բարեկեցության»,-նշել է Բիշարյանն ու հավելել, որ որոշ ուժեր կառուցողական առաջարկները սվիններով են ընդունում:

Բիշարյանը հայտնել է նաեւ, որ դրանից ելնելով, ՕԵԿ անդամները քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում հանդիպումներ են ունեցել ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի ներկայացուցիչների հետ: «Այսօր տեղի կունենա ՕԵԿ-ի քաղխորհրդի նիստը, որի արդյունքում կուսակցությունը կհայտնի իր դիրքորոշումը այդ ուժերի առաջարկությունների վերաբերյալ»,-ընդգծել է Բիշարյանը: