Աշգաբադում այսօր՝ դեկտեմբերի 4-ին կայացել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը:
Հանդիպման մասնակիցները քննարկել են բազմակող համագործակցության խնդիրները, կարծիքներ փոխանակել միջազգային օրակարգում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքը:
Հավանության է արժանացել համակողմանի համագործակցության հետագա զարգացման հայտարարագրի նախագիծը, որը նախատեսվում է ընդունել դեկտեմբերի 5-ին կայանալիք ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների հանդիպման շրջանակում:
Ավանդույթի համաձայն՝ էական ուշադրություն է դարձվել հումանիտար ոլորտում փոխգործակցության զարգացմանը: Համաձայնեցվել է 2013-2014 թթ. ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության ոլորտում հեռանկարային միջոցառումների ծրագրի նախագիծը: Քննարկվել են հաջորդ տարի «Համագործակցության մշակութային մայրաքաղաքները» միջպետական ծրագրի իրականացման հարցերը Գաբալա (Ադրբեջան), Գյումրի (Հայաստան) եւ Մոգիլեւ (Բելառուս) քաղաքներում: Հավանություն է ստացել Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության համաձայնագիրը:
Համաձայնեցվել եւ հաստատման համար պետության ղեկավարներին կներկայացվի 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի միջոցառումների կազմակերպման նախագիծը:
Հավանության են արժանացել ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարին, զինվորական կրթության զարգացմանն ուղղված կոլեկտիվ փոխգործակցության մասին համաձայնագրերի նախագծերը: Լսվել է տեղեկատվություն ԱՊՀ մի շարք մամինների ոլորտային համագործակցության գործունեության վերաբերյալ:
ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստում ընդունված փաստաթղթերի մի մասը կներկայացվի ԱՊՀ պետությունների ղեկավարների եւ կառավարությունների խորհրդի քննարկմանը:





























