Աֆղանստանում ծառայող հայ խաղաղապահներն ընդօրինակելի են: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Վերջերս նախարարն Աֆղանստանում այցելել էր հայկական երկու ստորաբաժանումներ. «Այցի նպատակը տեղում իրավիճակին, խնդիրներին եւ մեր զինծառայողների ծառայության պայմաններին ծանոթանալն ու առաջադրանքների կատարման առաջընթացը տեսնելն էր», - նշել է Սեյրան Օհանյանը:

Նա հատուկ ընդգծել է, որ հանդիպումների ընթացքում Աֆղանստանի պաշտպանության նախարարը եւ միջազգային խաղաղապահ ուժերի հրամանատարությունը բարձր են գնահատում  հայ խաղապահների գործունեությունը:

«Մեր զինծառայողները լավագույնս կատարում են առաջադրանքները, ընդօրինակելի են», - նշել է նախարարը՝ հիշեցնելով, որ Քունդուզի օդանավակայանում հենց հայ խաղաղապահնեն են ժամատուն կառուցել, որից օգտվում են այնտեղ ծառայող քրիստոնյաները: Այցի ընթացքում հստակեցվել են նաեւ Հայաստանի եւ Աֆղանստանի պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության ուղիները: Նախարարը նշել է, որ երկու տարում Աֆղանստանում ծառայության պայմանները բարելավվել են:

Հայաստանն Աֆղանստանում խաղաղապահական առաքելությանը մասնակցում է 2010-ի հունվարից: Հայկական կազմը (126 խաղաղապահ) գործում է գերմանական հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության ենթակայությամբ, որը ծառայում է Մազարի Շարիֆում եւ Քունդուզի օդանավակայանում: