Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոստացել է անձամբ վերահսկել ադրբեջանական ԶՈՒ կողմից սահմանին վիրավորված հայ գյուղացիների բուժման հետ կապված հարցերը:

Նշենք, այստեղ բավական նուրբ հանգամանք կա. Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողները պետպատվերի շրջանակում են բուժվում: Այնինչ անհասկանալի պատճառներով օրենքը քաղաքացիական անձանց, սահմնանամերձ գյուղերի բնակիչների վրա չի տարածվում: Տարեսկզբից ի վեր Ադրբեջանի ԶՈՒ-ն 26 մարդու է վիրավորել, որոնցից երեքը քաղաքացիական անձինք են:

«Ցավոք, մենք դեռ ունենք սահմանամերձ բնակավայրեր, որոնք հրաձգության են ենթարկվում հակառակորդի կողմից», - նշել է նախարարը: Նա հիշեցրել է, որ իսկապես,  օրենքով զինծառայողները բուժվում են պետպատվերի շրջանակում:  «Սակայն եթե քաղաքացիական անձինք դիմում են պաշտպանության նախարարություն, մենք աջակցում ենք: Այնպիսի դեպք չի եղել, որ մենք չաջակցենք, այդ թվում՝ օգտագործելով կայազորային հոսպիտալները», - նշել է նախարարը: Միաժամանակ Սեյրան Օհանյանը խոստացել է այդ հարցերն անձամբ վերահսկել:  «Այսուհետ ավելի ուշադիր կլինենք եւ կփորձենք ապագայում օգնել նաեւ նրանց, ովքեր անմիջականորեն չեն դիմել պաշտպանության նախարարություն», - հայտարարել է Սեյրան Օհանյանը: