Երեքօրյա աճից հետո «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ դեկտեմբերի 5-ին ամերիկյան դոլարը թուլացավ հայկական դրամի նկատմամբ: Սակարկությունների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407,04 դրամ; Երեկվա համեմատ դոլարը թանկացել է՝ 0,27 %-ով կամ 1,08 դրամով: Չի բացառվում, որ դոլարի աճը կանգնեցվել է ՀՀ կենտրոնական բանկի ինտերվենցիաների շնորհիվ:
Բորսայում այսօր վաճառվել է 5,5 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը դադարել են դոլար ընդունել 407 դրամով՝ առավել տարածված է առքի 1դոլար/406 դրամ փոխարժեքը: Դոլարը հիմնականում վաճառվում է 408-409 դրամով:
Forex միջազգային շուկայում եվրոյի փոխարժեքը գերազանցել է 1,31 դոլարը՝ որպես հետեւանք պարտքային խնդիրների շուրջ ստեղծված իրավիճակի մեղմման:
Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր եւս նվազեցրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,8235 ռուբլի:




























