Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, մեկնարկել է «ԲարգավաՃ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Բրյուսել: Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպման ժամանակ, Գագիկ Ծառուկյանը նշել է, որ ԲՀԿ-ն այսօր այստեղ է Եվրոպական կուսակցությունների հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, քանի որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ օրակարգի գերկայություններից մեկն է:
ԲՀԿ առաջնորդը կարծիք է հայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում: Կողմերն անդրադարձել են նաեւ առաջիկա նախագահական ընտրություններին: Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան նշել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով:
Հանդիպման ավարտին Գագիկ Ծառուկյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահին հրավիրել է այցելել Հայաստան:
Նույն օրը ԲՀԿ խմբակցության պատգամավորները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանդիպել են նաեւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինի հետ: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ ԲՀԿ-ն մշտապես հանդես է եկել բացառապես ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների անցկացման դիրքերից: Անդրադարձ է կատարվել նաեւ եվրոպական կառույցների կողմից ընտրությունների ժամանակ երկարաժամկետ ու կարճաժամկետ դիտորդական առաքելությունների իրականացման գործընթացին: Քրիստիան Վիգենինը տեղեկացրել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Հայաստանում իրենց դիտորդական առաքելությունն իրականցնող կառույցները ուշի ուշով հետեւելու են ներքաղաքական բոլոր զարգացումներին:
ԲՀԿ նախագահի հերթական հանդիպումը կայացել է Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլի, եվրոպական խորհրդարանում դաշինքի քաղաքական խմբի ղեկավար Մարտին Կալանանի հետ, որտեղ եւս քննարկվել են կուսակցությունների միջեւ համագործակցության ընդլայնման հեռանկարները:
ԲՀԿ նախագահի այցը շարունակվելու է նաեւ վաղը՝ դեկտեմբերի 6-ին:





























