Եգիպտոսում Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների բախումների զոհերի թիվը հասել է չորսի:
Ըստ շտապօգնության ծառայության տվյալների` վիրավորների թիվը հասնում է 350-ի: Սակայն բժիշկները չեն կարողանում ժամանակին հասնել բախումների վայր եւ տուժածներին օգնություն ցուցաբերել:
Հայտնի է, որ տուժածների շարքում տեղական թերթի մեկ լրագրող կա, որի կյանքի համար բժիշկները պայքարում են, հայտնում է vesti.ru-ն:
Ըստ «ՌԻԱ Նովոստիի»` Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի ներկայացրած սահմանադրական հայտարարագրի կողմնակիցները եւ հակառակորդները միմյանց վրա քարեր, փայտեր են նետել, այրվել են մեքենաներ:
Դեկտեմբերի 6-ին համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Եգիպտոսի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները, որոնք դատապարտել են «արյունալի իրադարձությունների բոլոր մասնակիցներին»:
Շուրջ հարյուր դիվանագետ հրաժարվել են մասնակցել նոր սահմանադրության նախագծի հանրաքվեի մոնիտորինգին:
Ավելի վաղ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հրահանգել էր բռնություն չգործադրել ցուցարարների նկատմամբ: Նա ընդգծել էր, որ աշխատակազմը պատասխանատվություն չի կրում Կահիրեի բախումների համար:
Հիշեցնենք, որ Կահիրեի Գելիոպոլիս թաղամասում իրադրությունը սրված է, այնտեղ հավաքվել են «Մահմեդական եղբայրների» հազարավոր կողմնակիցներ եւ քանդել ընդդիմության տեղադրած վրանները: Բռնկվել էին բախումներ, կռվին միացել են նաեւ ֆուտբոլային ակումբների երկրպագուները:





























