Դուբլինում ընթացող Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Հարավային Կոկվասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը անդրադարձ արվեց Եվրոպական Հանաձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի Հայաստան կատարած այցելության արդյունքներին, Հայաստան – ԵՄ համագործակցությանը։ ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատեց ԵՄ պատրաստակամությունը աջակցելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, կողմերի միջեւ վստահության ամրապնդման միջոցների իրականացմանը:
Էդվարդ Նալբանդյանի դուբլինյան օրակարգը հագեցած էր նաեւ երկկողմ հանդիպումներով:
Հայաստանի արտգործնախարարի եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ հանդիպմանը տեղի ունեցավ մտքերի փոխանակում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 19-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի, Հայաստան – ԵԱՀԿ համագործակցության, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության եւ նրա կողմից իրականացվող ծրագրերի շուրջ:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլիորիի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցավ մտքերի փոխանակում տարածաշրջանային անվտանգության, ԵԱՀԿ անդամ պետությունների միջեւ փոխգործակցությունը խթանելուն ուղղված խորհրդարանական դիվանագիտության դերի, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նպատակով ձեռնարկվող ջանքերի շուրջ։ Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունների քննարկումների համատեքստում Ռիկարդո Միլիորին տեղկացրեց, որ նպատակադրված է անձամբ գլխավորել ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը։





























