Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին քննարկվեցին ԵԱՀԿ նախարարական խորհրդի 19-րդ նստաշրջանի օրակարգային հարցերը, դեկտեմբերի երկրորդ կեսին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախապատրաստական աշխատանքները:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախարար Նալբանդյանի եւ Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Գարսիա-Մարգալյոյի հետ հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն, իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնմանն, միջազգային կազմակերպություններում համագործակցությանն, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացմանն, Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցությանն առնչվող հարցեր։
Դուբլինում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իտալիայի պատվիրակության ղեկավար, արտգործնախարարի տեղակալ Մարտա Դասսուի հետ: Հանդիպմանը կարեւորվեց երկկողմ փոխգործակցության զարգացման դինամիկայի պահպանումը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի, միջխորհրդարանական համագործակցության, Հարավային Կովկասի անվտանգության խնդիրների, մասնավորապես՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի, այդ ուղղությամբ միջնորդների կողմից ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։
Իռլանդիայի մայրաքաղաքում տեղի ունեցավ նաեւ Հայաստանի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Դիդիե Բուրխալտերի հանդիպումը: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին երկու երկրների միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը եւ կարեւորեցին դրանց առավել ամրապնդմանն ուղղված համատեղ քայլերի ձեռնարկումը։ Բանակցությունների օրակարգում էին Հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող ջանքերը։





























