Ընդդիմությունը  վերջնականապես չի պարզաբանել, թե նախագահական ընտրություններին մասնակցության որ ձեւաչափն է իր համար նախընտրելի` միասնական, թե առանձին-առանձին:Այս մասին այսօր` դեկտեմբերի 7-ին հրավիրված ասուլիսին ասաց Քաղաագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, առանձին-առանձին մասնակցության դեպքում, եթե երկրորդ փուլ լինի, կսատարեն այն թեկնածուին, ով կկարողանա անցնել վերջնական փուլ: «Վերջնական որոշում կայացնելու համար պետք է պարզել մարտավարությունը: Եթե միասնկան թեկնածու առաջադրեն, նշանակում է  ձգտելու են սեւ ու սպիտակի իրավիճակի ստեղծել: Կամ ինչպես  իրենք են ասում` կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը եւ ակնարկեց, որ գործարքները հնթացս են ի հայտ գալիս եւ մատնանշեց 2003թ-ի Արտաշես Գեղամյանի օրինակը: Ինչպես նաեւ նշեց, որ այսօր կոալիցիա չկա, չի կարելի փղի եւ «մոսկա»-ի միավորումը անվանել կոալիցիա:

Ասուլիսին հրավիրված ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ ասաց, որ իր կարծիքով ընդդիմությունը միասնական թեկնածու չի առաջադրի, այլ եթե լինի երկրորդ փուլ, կաջակցեն թեկնածուներից մեկին: Ի դեպ, Լեռնիկ Ալեսանյանը Գագիկ Ծառուկյանին թույլ մրցակից չհամարեց:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am