Դեկտեմբերի 5-ի կտրուկ անկումից հետո ամերիկյան դոլարի փոխարժեքը հայաստանյան ֆինանսական շուկայում սկսել է չափավոր բարձրանալ: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ դեկտեմբերի 7-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407,69 դրամ; Երեկվա համեմատ դոլարը թանկացել է՝ 0,11 %-ով կամ 0.44 դրամով;

Բորսայում այսօր վաճառվել է 3.38 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը միջինը թանկացել է մոտ կես դրամով: Փոխանակման կետերի մի մասը դոլարն ընդունում է 406.5 դրամով, վաճառքի առավել տարածված փոխարժեքն է 409 դրամը:

Forex միջազգային շուկայում եվրոն թուլացել է մյուս արժույթների նկատմամբ Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ Մարիո Դրագիի երեկվա հայտարարություններիվ հետո: Մ. Դրագին հայտարարել է, որ եվրոյի գոտու տնտեսությունը աճի փուլ կմտնի միայն 2014 թ., իսկ 2012-13 թ.թ. սպասվում է տնտեսական անկում; Այս հայտարարությունը հանգեցրել է եվրոյի զանգվածային վաճառքների, որը շարունակվում է նաեւ այսօր: Եվրոյի փոխարժեքն աստիճանաբար ընկնում է դեպի 1.29 դոլար:

Դոլարը ամրապնդվել է նաեւ ռուսական շուկայում; Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր բարձրացրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,9670 ռուբլի: