Ավստրալական 2Day FM ռադիոկայանի հաղորդավարները, ովքեր զանգահարել էին հիվանդանոց, որտեղ գտնվում էր հղի Քեյթ Միդլթոնը, հեռացվել են աշխատանքից։

Որոշումը կայացվել է «խաղի» զոհ դարձած բուժքրոջ ինքնասպանությունից հետո։

Նախօրեին հաղորդվել էր, որ, որոշ տվյալներով, բուժքույրն ինքնասպան է եղել, երբ հասկացել է, որ թագուհու փոխարեն լրագրողներին է պատմել Քեյթի առողջության մասին։

The Australian թերթը նշում է, որ հեռախոսազրույցն ուղիղ եթերով չի հեռարձակվել, ձայնագրվել է եւ լրացուցիչ համաձայնեցվել ռադիոկայանի իրավաբանների հետ։

Միաժամանակ,  գրում է gazeta.ru-ն, 2Day FM-ը գովազդատուներ է կորցնում։ Կայանի ծառայություններից արդեն մի քանի խոշոր պատվիրատուներ են հրաժարվել, այդ թվում՝ Coles սուպերմարկետների ցանցը եւ Telstra օպերատորը։

Ամեն ինչ սկսվել է առաջին հայացքից անմեղ թվացող կատակից. Ավստրալական մասնավոր ռադիոյի հաղորդավարների զույգը զանգահարել է Էդուարդ VII թագավորի անվան հիվանդանոց եւ ներկայացել որպես Եղիսաբեթ թագուհի եւ Ուելսի արքայազն։ Հերթապահ բուժքույրը մի քանի րոպե զրուցել է «թագուհու» հետ եւ պատմել դքսուհու վիճակից, որը թունավոր հղիություն է տանում։