Հայաստանի ողջ տարածքում ձմռանը օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օդերեւութաբանական ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ,  գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը։

«Մինչեւ դեկտեմբերի 15-ը օդի ջերմաստիճանը 3-5ºC կնվազի, բայց սառնամանիք չի լինի։ Ձմռան 3 ամիսներին օդի ջերմաստիճանը 1-3ºC-ով բարձր կլինի»,- նշել է օդերեւութաբանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում տաք եւ տեղումնառատ ձմեռ է սպասվում։

«Հանրապետության ամբողջ տարածքում դեկտեմբերի 10-ի գիշերը ջերմաստիճանի անկում է սպասվում, եւ ցածր ջերմաստիճանը կպահպանվի մինչեւ դեկտեմբերի 13-ը։ Չնայած դրան, ձմռանը ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի»,- ընդգծել է Գ. Սուրենյանը։

Նա նաեւ հավելել է, որ համաձայն կանխատեսումների՝ մինչեւ դեկտեմբերի 15-ը Երեւանում ձյուն չի սպասվում։ «Ինչ վերաբերում է առաջին ձյան մասին կանխատեսումներին, արդյունքները կհրապարակվեն համապատասխան տվյալներ ստացվելուց անմիջապես հետո»,- ամփոփել է օդերեւութաբանը։

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am