Երկրաբանական գործընթացները մթնոլորտային գործընթացների հետ կապ չունեն։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության օդերեւութաբանական ծառայության օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ, գիտությունների թեկնածու Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով, գլոբալ տաքացումը Հայաստանի համար բացասական զգալի հետեւանքներ չի ունեցել։ «Այդ երեւույթի հետ կապված միակ բանը երկրում օդի ջերմաստիճանի 0,1-0,3ºC բարձրացումն է»,- նշել է օդերեւութաբանը: Թեեւ Սուրենյանը խոստովանել է, որ կլիմայական որոշ աղետներ, օրինակ՝ Ֆիլիպինների վերջին թայֆունը, կարող են վկայել կլիմայական նման երեւույթի առկայության մասին։
Հարցին, թե օդի ջերմաստիճանի բարձրացումը կարո՞ղ է որոշ երկրաբանական երեւույթների հետ ուղղակի կապ ունենալ, Գագիկ Սուրենյանը պատասխանել է, որ երկրաբանական գործընթացները մթնոլորտային գործընթացների հետ ոչ մի կապ չունեն
«Եթե օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է, դա չի նշանակում, որ երկրաշարժ կլինի»,- ամփոփել է օդերեւութաբանը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am




























