Նախագահի թեկնածուների առաջադրման սկզբին հաշված օրեր են մնացել, եւ քաղաքական ուժերը պետք է արտահայտեն իրենց դիրքորոշումը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ մեկնաբանելով տվյալ փուլում երկրի ներքաղաքական իրավիճակը:

Ընդ որում, պատգամավորը նշել է, որ ՀՀԿ-ն դեռեւս երկու ամիս առաջ իր 14-րդ համագումարում հայտարարել էր պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնապես նախագահի թեկնածու առաջադրելու իր մտադրության մասին: «Հայաստանի Հանրապետական կուսակցությունում աշխատանքային մթնոլորտ է»: Ըստ Սահակյանի գնահատման` Հայաստանի ներկա նախընտրական վիճակը տարբերվում է պասիվությամբ. հաշված օրեր են մնացել, սակայն ընդդիմությունը դեռեւս չի կողմնորոշվել իր թեկնածուի հարցում: «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շահագրգռված է ուժեղ թեկնածու ունենալու հարցում: Ավելի լավ է մրցակցել ուժեղ եւ կազմակերպված թեկնածուի հետ, քան թույլի, սպորտում էլ է այդպես», - ասել է նա: Սահակյանը նաեւ նշել է, որ եթե նույնիսկ ՀՀԿ-ն չստանա խորհրդարանական այլ ուժերի աջակցությունը, նրանցից ակնկալում է «մարդկային» նախընտրական քարոզարշավ՝ զերծ անհիմն զազրախոսությունից:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am