Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը շատ կարեւոր գործառույթ է կատարում. աջակցում է Եվրախորհրդի անդամ երկրների դատական համակարգերի կայացմանը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների օրվան նվիրված միջոցառման ընթացքում նշել է ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն:
«Եվրոպական դատարանը մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ արդեն բազմաթիվ վճիռներ է կայացրել : Դա լավ է: Սակայն վատ է, երբ գործը հասնում է Եվրադատարան դիմելուն», - նշել է Սիլվիա Զեհեն: Նա ներկայացրել է Եվրադատարանի մի շարք կարեւոր գործառույթներ` նախադեպերի սահմանում, խախտումների կանխարգելում:
«Ադպիսով, այն աջակցում է պետություններում դատական համակարգերի կայացմանը եւ զարգացմանը», - նշել է հատուկ ներկայացուցիչը: Նա նաեւ հայտնել է, որ հաջորդ տարի մի շարք նախկին ԽՍՀՄ պետություններում, այդ թվում նաեւ Հայաստանում եւ նրա տարածաշրջանային հարեւանների մոտ, կսկսվի մարդու իրավունքների իրագործման աջակցությանն ուղղված ծրագիր:





























