Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացվածության մասին խոսելն անլուրջ է, իսկ դրա զարգացվածության մասին հայտարարողները պարզապես սեփական վարկանիշն են փորձում բարձրացնել, NEWS.am-Ինովացիա-ի թղթակցի հետ հարցազրույցում համոզմունք հայտնեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը՝ նշելով, որ այս ոլորտում Հայաստանը նույնիսկ վերջնական արտադրանք չի տալիս։ «Տեղեկատվական տեխնոլոգիաների մի արտադրանք չեք կարող ասել, որի վրա նշված լինի „Պատրաստված է Հայաստանում“։ Այդքանից հետո ինչպես կարող ենք ասել, որ տեղեկատվական տեխնոլոգիաներով Հայաստանը տարածաշրջանում եւ նույնիսկ աշխարհում առաջատար է»,- նշեց Վարդանյանը՝ ավելացնելով, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների տարածվածությամբ Հայաստանը տասնյակ հորիզոնականներով զիջում է հարեւան Վրաստանին եւ Ադրբեջանին։
Ըստ նրա՝ Հայաստանում նույնիսկ ինժեներների քանակը թույլ չի տալիս, որ ոլորտում աշխարհի մակարդակով լուրջ հաջողություններ գրանցվեն։ «Հայաստանում ընդհանուր առմամբ 6000 ինժեներ կա, իսկ տեղեկատվական ոլորտի համաշխարհային առաջատարներից՝ Հնդկաստանում ընկերություններ կան, որ մինչեւ 100 հազար աշխատողներ ունեն, այսինքն՝ համեմատելն արդեն տեղին չէ»,-նշեց ՏՏՁՄ նախագահը՝ ավելացնելով, որ Հայաստանի ծրագրավորողները հիմնականում տալիս են կիսատ արտադրանք, որը մաս է կազմում մի ամբողջական ծրագրի։
Կ.Վարդանյանի խոսքով՝ արտադրանքի 60 տոկոսը սպառվում է արտասահմանում, իսկ 40 տոկոսը՝ տեղական շուկայում։




























