Ռուսաստանի պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն ընտրվել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նախագահ: Նման որոշում է կայացվել Մոսկվայում անցկացվող 63-րդ նիստում: Այդ մասին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Սինայսկին:
«Գոլոս Ռոսիի»-ն հայտնում է, որ Շոյգուի թեկնածությունն առաջարկել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիեւը: Նրան սատարել են հանդիպման մասնակից մնացած նախարարները:
Պաշտպանության նախարարների խորհրդի նախագահն ընտրվում է եռամյա ժամկետով, բայց, որպես կանոն, զբաղեցնում է այնքան ժամանակ, քանի դեռ պաշտպանության նախարար է:
ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուկրաինայի, նաեւ՝ Ուզբեկստանի պաշտպանության նախարարները: Ակնկալվում է, որ նիստի մասնակիցներն աշխատանքի արդյունքները կամփոփեն 2012թ. եւ կազմակերպության աշխատանքի պլանը կհաստատեն 2013թ.-ին:
Նախատեսվում է, որ նիստում կողմերը կհամաձայնեցնեն 2013թ. ԱՊՀ ՀՕՊ Միավորված համակարգի համատեղ միջոցառումները եւ կքննարկեն 2014-ին այդ համակարգի ստեղծմանը միջոցներ հատկացնելու հարցը:




























