«ԱրմԹեք-2012»-ի շրջանակում ՀՀ կառավարության եւ ամերիկյան առաջատար ՏՏ ընկերությունների միջեւ ստորագրվել են համագործակցության հուշագրեր

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ստենդֆորդ համալսարանում վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ աշխատանքներն է շարունակում «ԱրմԹեք 2012» համաժողովը:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Զոն Հեֆերնը ողջունել է համաժողովի մասնակիցներին եւ նշել. «Երբ ժամանեցի Հայաստան՝ պատկերացում անգամ չունեի, որ այնտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն այդքան հաջողություններ են արձանագրվում: Հայաստանի ապագայի բանալին ստեղծագործական միտքն է: ԱՄՆ առեւտրի նախարարությունը, օգտագործելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշ տվյալներ,  ուսումնասիրություն է հրապարակել, որի համաձայն՝ Հայաստանն առաջինն է ԱՊՀ երկրների շարքում մեկ շնչին բաժին ընկնող գյուտերի դիմումների թվով»:

Դեսպան Հեֆերնը համոզմունք է հայտնել, որ այդ գյուտերը կարող են իրենց արժանի տեղը գտնել մարդասիրական եւ կոմերցիոն ձեռնարկություններում եւ «ԱրմԹեքը»  լավ հնարավորություն է գյուտերին ճանապարհ բացելու համար:

Այնուհետեւ համաժողովի ներկաներին ողջունել են «Սինոփսիս» ընկերության փոխնախագահ Ջոն Չիլթոնը, «Ինթել» ընկերության փոխնախագահ Ջոն Դայվիսը եւ «Դ-Լինք» ընկերության փոխնախագահ Թոմաս Հանգը:

Համաժողովի շրջանակներում ՀՀ կառավարության եւ «Ինթել» ընկերության միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում գիտահետազոտական կենտրոն հիմնելու մասին: Իսկ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության եւ ՀՀ կառավարության միջեւ ստորագրվել է Հայաստանում չիպերի գործարան հիմնելու մասին հուշագիր: ՀՀ կառավարության կողմից հուշագիրը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Այնուհետեւ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Սիլիկոնյան Հովտում աշխատող հայազգի երիտասարդ մասնագետների հետ, որոնցից շատերն ունեն սեփական փոքր եւ միջին բիզնեսներ, մի մասն էլ աշխատում է հանրահայտ ՏՏ ձեռնարկություններում:

Երիտասարդները վարչապետին տեղեկացրել են, որ իրենք համախմբվել են մի նախաձեռնության շուրջ, որի նպատակն է ստեղծել ցանց՝ ՏՏ ոլորտում ներգրավված երիտասարդ մասնագետների միջեւ: Ցանցում առայժմ ներգավված են հիմնականում ամերիկաբնակ թվով երկու հարյուր մասնագետներ:

Վարչապետը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի պատասխանատուներին հանձնարարել է կապ հաստատել այդ երիտասարդների հետ եւ ամրապնդել փոխգործակցությունը: Երիտասարդները վարչապետին ներկայացրել են նաեւ իրենց ձեռնարկությունների գործունեությունն ու ապագա ծրագրերը: