Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարել է մուտքի վիզաների հատկացման կարգի փոփոխությունների մասին:

ԱՄՆ-ի դեսպանատան հյուպատոս Ջորջ Լինը դեկտեմբերի 11-ի մամուլի ասուլիսում հայտնել է, որ նոր կարգը կոչված է հեշտացնելու մուտքի վիզաների ստացումը:

Նոր համակարգը կգործի դեկտեմբերի 17-ից: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.usvisa-info.com կայքում կամ զանգահարելով (374 10) 49 46 86 հեռախոսահամարին: Այս պահին կայքում ամբողջական տեղեկատվությունը տեղադրված չէ, սակայն խոստանում են, որ դեկտեմբերի 17-ից այն լիարժեք կլինի:

Հյուպատոս Լինի խոսքով, մուտքի վիզայի համար հնարավոր կլինի վճարել հեռախոսով (ներկայումս այդ տարբերակը չի գործում), համացանցով կամ «ԱրդՇինԻնվեստԲանկ»-ի մասնաճյուղերից մեկում:  Վճարումը կատարվում է հայտատուի կողմից: Նախկինում (եւ մինչեւ դեկտեմբերի 14-ը ներառյալ) վճարումը կատարվում էր  «ՀայԷկոնոմԲանկ»-ի միջոցով: Հայտը պետք է լրացնել http://ceac.state.gov/genniv/ կայքում, հետո գրանցվել www.usvisa-info.com կայքում եւ ներմուծել հայտի լրացումը հաստատող գաղտնագիրը: Բանկի փոփոխությունը հյուպատոսը բացատրել է այն հանգամանքով, որ «գործընթացն իրականացնում է եվրոպական մասնավոր մի ընկերություն», եւ դա ընկերության որոշումն է:

Կարգի փոփոխության հետ կապված՝ հյուպատոսը նշեց, որ դեռ չվճարած քաղաքացիները ճիշտ կանեն մի քանի օր սպասեն եւ նոր կարգին համապատասխան գործեն: Իսկ ովքեր վճարել են, բայց հարցազրույցի օրը նշանակված չէ, առաջարկվում է նամակ ուղարկել [email protected] հասցեով: Իսկ նրանց, ում հարցազրույցի օրը նշանակված է, նորությունները չեն վերաբերում:

ԱՄՆ-ի դեսպանատների (Երեւանում, Անկարայում եւ Դուբայում) հաստատած մուտքի վիզաների կարգը տարբեր է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների համար: Մասնավորապես, խոսքը հարցազրույցի մասին է: