Ամեն տարի Գրին քարտի միջոցով Հայաստանից մոտ երկու հազար մարդ մեկնում է ԱՄՆ, ինչը Գրին քարտ շահողների խիստ փոքր մասն է կազմում: Այդ մասին դեկտեմբերի 11-ի մամուլի ասուլիսում հայտնել է ԱՄՆ-ի դեսպանատան հյուպատոս Ջորջ Լինը:

Ըստ նրա՝ ամեն տարի նման քարտեր է շահում մոտ մեկ մլն մարդ: 

Գրին քարտի խաղարկության հնարավոր դադարեցման առնչությամբ հյուպատոսը նշել է, որ Ներկայացուցիչների պալատում ընդունվելուց հետո այն պետք է քննարկվի նաեւ Սենատում: «Սակայն որոշում առայժմ չկա, եւ գործընթացը կարող է ձգձգվել», - նշել է հյուպատոսը:

Հարցին, թե Հայաստանի կառավարությունից Գրին քարտերի խաղարկության հետ կապված բողոքներ չե՞ն ստացվել, Ջորջ Լինը պատասխանել է, որ ինչքան  որ իրեն է հայտնի՝ ոչ:

Նշենք, հարցը մեկ կարեւոր հանգամանքով էր պայմանավորված: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշ ժամանակ առաջ դժգոհել էր Հայաստանում ռուսական «Հայրենակիցներ» ծրագրի գործունեությունից: Այդ կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպան  Վյաչեսլավ Կովալենկոն հակադարձել էր. «Գրին քարտերով Հայաստանն ավելի շատ մարդ է լքում»:

2007թ.-ից մինչ օրս 5 հազարից ավելի ընտանիք է մեկնել ԱՄՆ, Դաշնային միգրացիոն ծառայության գծով՝ 5 հազարից քիչ: