Դեկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց ՄԱԿ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Կենտրոնական եւ  Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային ներկայացուցչի տեղակալ, Հայաստանում ՊԳԿ նորանշանակ ներկայացուցիչ Անտոնիո Ալոնզիին (Antonio Alonzi):

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, շնորհավորելով Անտոնիո Ալոնզիին  նշանակման կապակցությամբ, նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում էլ ավելի կզարգանա Հայաստանի եւ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջեւ համագործակցությունը եւ հավաստիացրեց, որ արտաքին գործերի նախարարությունը ամենայն աջակցություն կցուցաբերի նրա գործունեությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝  Անտոնիո Ալոնզին վստահեցրեց, որ առավելագույն ջանքերը կգործադրի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերն ընդլայնելու, Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու նպատակով։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստանի ու Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության բազմամյա համագործակցության եւ  հնարավոր նոր նախագծերի իրականացման շուրջ։