«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցանկացած որոշում դա իրենց կուսակցության ներքին խնդիրն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրապետական մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` շեշտելով, որ իրենք հարգանքով են վերաբերում ցանկացած քաղաքական ուժի որոշման, եւ այս որոշմանը եւս:
«ԲՀԿ-ի եւ նրա ղեկավարի որոշմանը մենք հարգանքով ենք վերաբերում, ինչպես ցանկացած կուսակցության որոշման: Դա ընդհանրապես իրենց ներքին խնդիրն է»,- ասաց նա:
Իսկ թե ինչով է պայմանավորված Գագիկ Ծառուկյանի որոշումը, ապա ՀՀԿ մամուլի քարտուղարը նշեց, որ ինքը այլ քաղաքական ուժերի կամ նրանց ղեկավարների փոխարեն մեկնաբանություններ չի տալիս:
Էդուարդ Շարմազանավոը նշեց, որ որեւէ մեկի առաջադրմամբ կամ չառաջադրմամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ոչ շահում է, ոչ էլ կորցնում է: «Նախագահը նախաձեռնող քաղաքական գործիչ է, այսօր ամենաշրջահայաց եւ ամենապետականամետ գործիչն է, եւ այն նախագահն է, որ պետք է առաջիկա 5 տարիներին Հյաաստանի Հանրապետությանը»,- ասաց նա:
Էդուարդ Շարմազանավոը նշեց, որ այժմ իրենք նախապատրաստվում են համագումարին: Իսկ թե ԲՀԿ-ն կհրավիրվի համագումարին, թե ոչ, նա նշեց, որ առայժմ որեւէ քաղաքական ուժի հրավեր չի ուղարկվել, այդ մասին հավելյալ կհայտնեն:





























