Դեկտեմբերի 11-ին Նյու Յորքում կայացավ ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի բարձր մակարդակի հանդիպումը, որին մասնակցեցին ու ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, Մարդասիրական օգնության հարցերով նրա տեղակալը, ինչպես նաեւ մի շարք անդամ-պետությունների ներկայացուցիչներ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանն իր խոսքում  նշեց, որ Հայաստանը հանձնառու է շարունակելու ՄԱԿ-ի հումանիտար համակարգին իր համեստ օժանդակությունը, քանի որ, անցնելով 1988թ. աղետի արհավիրքի միջով, հստակորեն պատկերացնում է ճգնաժամային իրավիճակների մեջ հայտնված ազգաբնակչության տառապանքներն ու կարիքները:

Դեսպան Նազարյանը հավաստիացրեց, որ նախորդ տարիների օրինակով, 2013թ.-ին եւս Հայաստանի կառավարությունը կաջակցի հիմնադրամին, ինչպես նաեւ դրվատանքի խոսքեր հղեց ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար, ԳՔ տեղակալին` արտակարգ իրավիճակներում արագ եւ կանխարգելիչ արձագանքման խթանմանը եւ կորուստների նվազեցմանն ուղղված հիմնադրամի ֆինանսական միջոցներն արդյունավետորեն կառավարելու համար:

Նշենք, որ Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամը ՄԱԿ-ի կողմից 2005թ. հիմնադրված մարդասիրական ֆոնդ է, որը ժամանակին եւ համապատասխան մարդասիրական օգնություն է տրամադրում տարերային աղետներից եւ զինված հակամարտություններից տուժածներին: Այն հիմնադրվել է` նոր մակարդակի բարձրացնելու մինչ այդ գոյություն ունեցող Արտակարգ իրավիճակների կենտրոնական շրջանառու ֆոնդը (Central Emergency Revolving Fund) դրամաշնորհային տարր ներառելու միջոցով: