ՄԱԳԱՏԷ-ն կշարունակի պայքարել Թեհրանի կողմից ընդունված այն որոշման դեմ, որի համաձայն նախատեսվում է իրանական ռեակտորի համար արտերկրում միջուկային վառելիք արտադրել։ Այս մասին Դավոսյան համաշխարհային տնտեսական համաժողովին, հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի նոր ղեկավար Յուկիա Ամանոն։
«Առաջարկությունը դեռեւս արդիական է։ Երկխոսությունը շարունակվում է։ Ես հուսով եմ, որ համաձայնություն ձեռք կբերվի, եւ ես շարունակում եմ իբրեւ միջնորդ աշխատել»,- հայտարարել է նա՝ համոզմունք հայտնելով, որ նմանօրինակ մոտեցումը կօգնի բարձրացնել Իրանի միջուկային ծրագրի հանդեպ վստահությունը։
Նույն օրը Դավոսում Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքին կրկին հաստատել է իր երկրի դիրքորոշումը, որի համաձայն միջուկային էներգիան պետք է օգտագործվի բացառապես խաղաղ նպատակներով։
Նա հայտնել է, որ համաժողովի շրջանակներում ինքը հանդիպել է Ֆրանսիայի եւ Բրազիլիայի պաշտոնական ներկայացուցիչների հետ։ FARS գործակալությունը հայտնում է, որ Մոթաքիի խոսքով, իրանական միջուկային ռեակտորին վառելիքով ապահովելու նոր տարբերակներ են ներկայացվել։
Իրանի արտգործնախարարը միեւնույն ժամանակ նշել է, որ Թեհրանի առաջարկությունը ՄԱԳԱՏԷ-ին դեռեւս ուժի մեջ է, եւ երկիրը չի համաձայնի ուրանի հարստացումը կազմակերպել երկրի սահմաններից դուրս, հայտնում է Associated Press-ը։




























