ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշումը` նախագահի թեկնածու չառաջադրվելու վերաբերյալ, ինձ համար անսպասելի չէր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
«Ենթադրում եմ, որ նա ավելի շատ բիզնեսի եւ կապիտալի մասին է հոգ տանում, քան քաղաքական նպատակների: Այդ իսկ պատճառով նման շրջադարաձն ինձ համար անսպասելի չէր»,-նշեց ՀԴԿ ղեկավարը` ավելացնելով, որ այդ մասին բազմիցս է ասել: Գագիկ Ծառուկյանի թեկնածությունն առաջադրելու շուրջ աղմուկն ու հաշվարկներն իրենց չարդարացրին, իսկ առաջիկա ընտրությունները վերջնականապես կզրկվեն ինտրիգից, երբ իր չառաջադրվելու մասին հայտարարի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հնարավոր է, հարցը պարզվի առաջիկա 2-3 օրվա ընթացքում:
Արամ Սարգսյանի կարծիքով` ամենակարեւորն այն է, ինչ հաջորդելու է ընտրություններին. «Դա նախագահի երկրորդ ժամկետի սկիզբն է, այսպիսով, անհրաժեշտ է լրջորեն պատրաստվել հաջորդ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին»:





























