ԲՀԿ-ն չէր կարող անկառավարելի լինել, քանի որ գիտեն, ով է ստեղծել եւ ինչ նպատակների համար: Այս մասին այսօր` դեկտեմբերրի 13-ին հրավիրված ասուլիսին ասաց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը:
Նրա խոսքով, քաղաքական դաշտը ամայացած է եւ, ոչ մի լուրջ ֆավորիտի չի տեսնում եւ, եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, Սերժ Սարգսյանը շռնդալից գնալու է առաջ: Դիտարկմանը, թե ցանկանում է ասել, որ ստեղծված նոր իրավիճակում Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվի, Աբրահամյանն ասաց, որ ինքը չի կարող ասել եւ առաջարկեց այդ հարցը ուղղել ՀԱԿ-ին` Լեւոն Զուրաբյանին: «Ինձ թվում է` Ծառուկյանի չառաջադրումն ամենածանրը նա տարած կլինի»,- նշեց Սուրեն Աբրահամյանը:
Վերջինս նաեւ կտրուկ բացառեց Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն: Հարցին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջադրվելու դեպքում նրան կհաջողվի արդյոք նախկինի պես ակտիվացնել ժողովրդին, Աբրահամյանն ասաց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսքի հզոր ուժ ունի, բայց որոշ գործընթացներ այնպես են գնացել, որ ժողովրդի մեջ հիասթափություն կա: Ես դժավարանում եմ ասել, բայց կասկածում եմ, որ նորից այն երեւելի օրերը լինեն, որը եղավ»,- նշեց Սուրեն Աբրահամյանը եւ հավելեց. «Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը նախկին վճռականությամբ ասի, որ դուրս են եկել կազմաքանդելու այս ավազակապետությունը, ընտրողները կսատարեն նրանց: Նույնը, եթե Սերժ Սարգսյանը ասի, Սերժ Սարգսյանին կսատարեն:
Խոսելով «Հանրապետություն» կուսակցության ներքին խնդիրների մասին` Սուրեն Աբրահամյանը նշեց, որ Սմբատ Այվազյանը շարունակում է գալ կուսակցություն: Իսկ տարաձայնությունները հիմնականում եղել են ՀԱԿ-ից դուրս գալու-չգալու շուրջ: «Ասում էինք առաջինը մենք չլինեինք, որ թիրախ չդառնայինք աջ ու ձախ հարվածների համար: Բայց չենք փոշմանել մեր քայլի համար»,- նշեց Սուրեն Աբրահամյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























