Քաղաքական այլ կուսակցությունների սեփական թեկնածուների բացակայությունը ՀՀԿ-ի խնդիրը չէ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին նվիրված ասուլիսում հայտնել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Նա չի մեկնաբանել այն հայտարարությունները, համաձայն որոնց ընտրությունների նախաշեմին ՀՀԿ-ն ուժեղ մրցակից չի ունենա, չի մեկնաբանել նաեւ հնարավոր ինքնառաջադրվողների հարցը:
«Չեմ ուզում որեւէ մեկի հասցեին անձնական գնահատական հնչեցնել: Ցանկանում եմ այլ բան նշել. Կան երկրի հանրային կյանքում մասնակցության մեծ փորձ ունեցող կուսակցություններ: Եթե նրանք ընտրություններին կուսակցության դիրքորոշումը լավագույնս արտացոլող թեկնածու չունեն, հենց իրենք պետք է այդ մասին մտածեն, ոչ թե ՀՀԿ-ն: Չենք ցանկանում ուրիշների փոխարեն պատասխան տալ», – ասել է Սահակյանը:
Միաժամանակ, նշել է նա, պետք չէ շփոթել հասկացությունները. Ձեռնպահ մնալ՝ չի նշանակում բոյկոտել:
«Քաղաքական ոչ մի ուժ չի հայտարարել ընտրությունների հանդեպ վստահության կորստի եւ սեփական մասնակցության անիմաստության մասին: Արված հայտարարություններում դեռեւս միայն խոսվում է սեփական թեկնածու չառաջադրելու մասին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























