Իշխանափոխության գաղափարը կարող է համախմբել ընդդիմությանը: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողներին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա՝ հանրությունը բավարար չափով վստահություն չի տածում ընտրությունների հանդեպ, իսկ փաստացի բոյկոտի մասին մի քանի կուսակցությունների հայտարարություններն ավելի շատ խճճեցին, քան թե հստակեցրին իրավիճակը:
Ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրման եւս մեկ վտանգը քաղաքական տարբեր հայացքներն են: «Սակայն եթե, ինչպես եւ 2008 թ.-ին, քաղաքական ուժերը որոշեն մի կողմ նետել տարաձայնությունները մեկ միասնական նպատակի` իշխանափոխության համար, ապա այդ խնդիրը հեշտությամբ կլուծվի», – վստահ է Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հայտարարել է իր թեկնածության առաջադրման մասին:





























