Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին Հանրապետական կուսակցության կազմակերպած նախընտրական միջոցառման ժամանակ փուչիկների բռնկման գործով ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանի հետվիրահատական ընթացքը անցնում է հարթ` նախատեսվածի պես: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության կենտրոնի փոխտնօրեն Արմեն Տանայանը:
«Եթե ամեն ինչ նորմալ լինի, հաջորդ երեքշաբթի, չորեքշաբթի արդեն հիվանդին դուրս կգրենք»,- ասաց նա: Արմեն Տանանյանը նշեց, որ Սերոբ Բոզոյանը վճարել է վիրահատության գումարի մի մասը, մյուս մասը կվճարի դուրս գրվելուց հետո:
Իսկ վիրահատության գումարը կազմել է 160-170 հազար: Հիվանդը վճարել է մոտ 75-85 հազար դրամը, իսկ մնացածը դեռ պետք է վճարի:
Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Սերոբ Բոզոյանի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանում վարույթ է ընդունվել: Դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի նախագահությամբ առաջին դատական նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին:
Նշենք, որ Սերոբ Բոզոյանը դեկտեմբերի 7-ին Ֆանարջյանի ուռուցքաբանության կենտրոնում վիրահատվել է միզապարկի քաղցկեղի կապակցությամբ, ավելի վաղ նա նորից էր վիրահատվել այդ կենտրոնում, սակայն հիվանդությունը կրկնվել էր:
Ավելի վաղ Սերոբ Բոզոյանը վիրահատվել է նույն կենտրոնում, սակայն հիվանդությունը կրկնվել էր:Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում մայիսի 4-ի ՀՀԿ նախընտրական հանդիպման ժամանակ գազով լիցքավորված փուչիկների պայթյունի հետեւանքով այրվածքներ էին ստացել եւ տարբեր բուժհաստատություններ տեղափոխվել 154 մարդ:
Փաստի առիթով հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելը, ինչպես նաեւ նշված նյութերի ապօրինի փոխադրումը կամ առաքումը, եթե դրանք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ:
Սերոբ Բոզոյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի երկրորդ մասով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, ինչն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը, եւ նա դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման:




























