Հայաստանում որոշակի նախապայմաններ են ստեղծվել, որպեսզի երկրում ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություններ կատարվեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ողնուղեղի դոնորների հայկական ռեեստրի տնօրեն Միհրան Նազարեթյանը:

Նրա խոսքով, ռեեստրի 10 տարվա ողջ գործունեությունն ուղղված է եղել նրան, որպեսզի հանգի նման տրամաբանական ավարտի՝ փոխպատվաստումները կատարվեն հենց Հայաստանում:

«Որպեսզի նման վիրահատությունը հնարավոր լինի, պետք են նախնական քայլեր, որոնք մենք այժմ իրականացնում ենք: Երկրում առողջապահության, հետազոտությունների, դիագնոստիկայի մակարդակը պետք է համապատասխանի որոշակի չափանիշների: Դա երկարատեւ գործընթաց է: 1980-90-ական թվականներին Հայաստանում նման հնարավորության մասին խոսել անգամ չէր կարելի, իսկ այսօր դա արդեն բավական իրական է, քանի որ կա որոշակի ֆինանսավորում, հարցի ընկալում, նաեւ պահանջարկի ըմբռնում: Այնպես որ նման փոխպատվաստման համար Հայաստանում արդեն կան մի շարք նախադրյալներ»,-ասաց նա:

Բժշկի խոսքով, Հայաստանում կան նաեւ համապատասխան մասնագետներ եւ դեղերով ապահովվածություն, այնպես որ թեեւ այդ խնդիրը բարդ է, բայց լուծելի է մոտ ապագայում:

Նազարեթյանը կոնկրետ ժամկետներ չնշեց, միայն ասաց, որ համապատասխան պայմանների եւ ճիշտ մոտեցումների դեպքում առաջին վիրահատությունը կարելի է անել ամենամոտ ապագայում: «Մենք պետք է ձգտենք մոտեցնել այդ օրը եւ ես վստահ եմ, որ այդ օրը հեռու չէ»,-ասաց նա:

Կազմակերպության կայքում նշվում է, որ ողնուղեղի փոխպատվաստումը լեյկեմիայից եւ կյանքի համար այլ վտանգավոր արյան հիվանդություններից փրկվելու վերջին հույսն է: