Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհրաժեշտ է ձեռնպահ մնալ իրավիճակի լրացուցիչ լարումից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Երեւանում հայտարարել է Բուլղարիայի ԱԳ նախարար Նիկոլայ Մլադենովը՝ իր հայ, լեհ եւ շվեդ գործընկերների հետ համատեղ ասուլիսում:
Կողմերին խաղաղության կոչ անելով, նա նշել է, որ վերջին ամիսներին հակամարտության գոտում չպատճառաբանված լարվածություն է առաջացել: Մլադենովն ընդգծել է խաղաղության հասնելուն ուղղված ջանքերի կարեւորությունը տարածաշրջանի համար եւ հավելել, որ Բաքվում եւ Երեւանում տեղի ունեցած քննարկումների արդյունքում լարվածությունը թուլացնելու հեռանկարներ են նշմարվում:
Բուլղարիայի ԱԳ նախարարն անդրադարձել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը եւ նրա կողմից առաջ քաշվող առաջարկներին, նշելով. «Հույս ունենք մոտ ապագայում արդյունքներ տեսնել եւ կոչ ենք անում կողմերին ձեռնպահ մնալ սադրիչ բնույթի հայտարարություններից ու գործողություններից, որոնք ուղղված են իրավիճակի լարմանը»:





























