Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ծնողների եւ եղբոր մոտ խուզարկություններ են սկսվել: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ինքը՝ Ալեքսեյ Նավալնին: Ավելի վաղ նա գրել էր, որ «այցելել է եղբորը, որ տեղեկանա, թե ինչպես են նրա գործերը եւ տեսնի, թե արդյոք նա չի՞ թաքցնում 55 մլն դոլարն իր 5 քմ տարածքով խոհանոցում», հաղորդում է Polit.ru-ն:
Ռուսաստանի քննչական կոմիտեն հաստատել է խուզարկությունների մասին տեղեկությունը: «Քրեական գործի շրջանակներում խուզարկություններ են ընթանում, այդ թվում Կոբյակովսկյան ֆաբրիկայում (այն պատկանում է Նավալնիների ընտանիքին), Օլեգ Նավալնիի աշխատասենյակում»,-ասել է Ռուսաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մարկինը, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի եւ նրա եղբոր դեմ: Նրանց կասկածում են մեքենայությունների եւ դրամական միջոցների օրինականացման մեջ: Քննության վարկածով, նրանք մեքենայությունների ճանապարհով յուրացրել են 55 մլն ռուբլի:




























