Դիետաբանության մեջ ընդունված է կարծել, որ որոշ կաթնամթերքներ օգնում են նիհարել: Նշվում է, որ կաթի եւ յոգուրտի մեջ առկա կալցիումը խոչընդոտում է ճարպի կուտակմանը, սակայն վերջին հետազոտությունները չեն հաստատում այդ տեսակետը:

Մասնավորապես, Բոստոնի հանրային առողջապահության Հարվարդի դպրոցի դոկտոր Ֆրենք Հուն կարծում է, որ միայն որոշ կաթնամթերքների հստակ չափաբաժինները, օրինակ անյուղ յոգուրտները, կարող են օգնել քաշի պակասեցմանը: Սակայն փաստեր, որոնք կապացուցեն, որ կաթնամթերքը նպաստում է նիհարելուն, ըստ Ֆրենք Հուի, ներկայումս չկան:

«Տրամաբանության տեսանկյունից դրանք իսկապես պետք է նպաստեն նիհարելուն, սակայն բժշկությունը պետք է հենվի փաստերի վրա: Մենք չենք կարող մարդկանց առաջարկել այն, ինչ մտածում ենք, այլ միայն այն, ինչը մենք կարողացել ենք ապացուցել: Իսկ նիհարելու հարցում կաթնամթերքի օգտակարությունն ապացուըցել դեռ ոչ մեկին չի հաջողվել, որքան էլ դա ցավալի լինի»,-ընդգծել է դոկտորը, հաղորդում է MedikForum-ը:

Այս հայտարարությունը նա արել է այն բանից հետո, երբ ինքն ու իր գործընկերները վերլուծել են ավելի քան 30 տարբեր հետազոտությունների արդյունքները, որոնց մասնակցել է, ընդհանուր առմամբ, դիետա պահող 2 հազար մարդ: