Հայաստանի անկախության ճանապարհը դյուրին չի եղել, սակայն այլեւս անընդունելի է բացթողումներն ու երկրում առկա խնդիրները բարդել անցյալից ժառանգություն մնացած արատավոր երեւույթներով եւ պետության երիտասարդ լինելով: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի ժամանակ՝ ներկայացնելով 2013թ. նախագահական ընտրություններում իր նախընտրական ծրագիրը, որի կարգախոսն է՝ «Դեպի ապահով Հայաստան»:
Նախագահը նշեց, որ բնական է համարում քննադատությունը, քանի որ իշխանությունները միշտ էլ քննադատվել են ու շարունակելու են քննադատվել, սակայն ինքը համոզված է, որ քննադատությունն իրականում ավելի լավ Հայաստան տեսնելու ցանկությամբ է պայմանավորված. «Միասին կարողանալու ենք կայացնել այն երկիրը, որը մրցունակ կլինի նաեւ իր քաղաքացիներին բավարար բարեկեցություն առաջարկելու հարցում ու անիմաստ կդարձնի օտար ափերում վաստակելու որեւէ ցանկություն եւ արժանապատվորեն կկանչի իր զավակներին՝ վերադարձե՛ք ապահով Հայաստան»։
Սարգսյանն ըդգծեց, որ կազմակերպված պետության համար անհրաժեշտ նախադրյալներ են ապահով հայրենիքն ու ապահովված ընտանիքները, որոնք անհրաժեշտ են ապահով Հայաստան նպատակադրումը կյանքի կոչելու համար:
«Վստահեցնում եմ 2018թ-ին մենք ապրելու ենք շատ ավելի լավ Հայաստանում: Եվ մենք հաստատուն քայլերով ենք գնալու այդ ճանապարհով, դեպի ապահով Հայաստան տանող ճանապարհով»,- ընդգծեց Սարգսյանը։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























