Հայաստանի նախագահի թեկնածու դառնալու մտադրություն ունեցող Ռոբերտ Ահարոնյանը խոստովանում է, որ ինքը հայտնի չէ: Այս մասին նա ասաց, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Հայ-ռուսական միավորման նախագահ Ռ. Ահարոնյանն իր ճանաչված չլինելը մտադիր է փոխհատուցել սոցիալիզմի ճանաչված լինելով: Նրա խոսքով, սոցիալիզմի կողմնակիցների գլխավոր հակառակորդներ կարելի է համարել այն թեկնածուներին, ովքեր կապիտալիզմ են քարոզելու նախագահական ընտրություններում:

Դիտարկմանը, թե սոցիալիստական գաղափարները չեն համապատասխանում Հայաստանի ներկա իրողություններին, նա արձագանքեց հռետորական հարցով. «Եթե հզոր Ռուսաստանում կոմունիստական կուսակցությունը բոլոր ընտրություններում առաջատար տեղեր է գրավում, ինչպե՞ս կարող են սոցիալիստական գաղափարները հին լինել մեր երկրում»:

Անդրադառնալով ընտրություններում իր շանսերին, Ահարոնյանը հայտարարեց, որ իր օգտին կքվեարկեն ընտրողների 70 տոկոսը: «Իսկ 8 մլն դրամի նախընտրական գրավը ես խնդրել եմ Հայաստանի հանրապետական կուսակցությունից: Որտեղի՞ց սոցիալիստը կարող է փող ունենալ: Եթե ՀՀԿ-ն մերժի խնդրանքս, ապա դա կլինի նրանց բարոյական պարտությունը»,-ընդգծեց պոտենցիալ թեկնածուն, հավելելով, որ արդար ընտրությունների դեպքում իրենց միավորումն առնվազն կանցնի երկրորդ փուլ:

Ռ. Ահարոնյանն անդրադարձավ նաեւ իր նախընտրական ծրագրի դրույթներին, որոնց համաձայն, իր ընտրվելու դեպքում Հայաստանը կդառնա ԵվԱզԷՍ-ի միավորման ճարտարապետներից մեկը եւ կընթանա երկրորդ ԽՍՀՄ-ի ստեղծման ճանապարհով:
«Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը, ապա տնտեսության 51 տոկոսը կկենտրոնանա պետության ձեռքում, իսկ փոքր եւ միջին բիզնեսը կազատվի հարկերից»,-ամփոփեց Ռոբերտ Ահարոնյանը: