Նման տեսություններ առաջ են քաշում այն անձինք, ովքեր ոչինչ չեն հասկանում աստղագիտությունից, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց աստղաֆիզիկոս, Հայկական աստղագիտական ընկերության  փոխնախագահ Արեգ Միքայելյանը` մեկնաբանելով աշխարհի վերջի մասին հնարավոր բոլոր վարկածներն ու տեսությունները եւ, մասնավորապես, Սերգեյ Ապինի տեսությունը էլեկտրականության վերջի մասին, որը պետք է վրա հասնի այն ժամանակ, երբ երկրի առանցքը տեղաշարժվի:

Ըստ Ապինի տեսության, 2012թ. նոյեմբերի 11- 13 –ը Երկիրը, Լուսինն ու Արեգակը հայտնվել են  մի առանցքի վրա, որը նա անվանում է գալակտիկական ճառագայթ, եւ դա հանգեցնելու է երկրային առանցքի տեղաշարժին:Արեգ Միքայելյանի խոսքով, Երկիրը, Լուսինն ու Արեգակը մեկ առանցքի վրա հայտնվում են բավականին հաճախ` ամեն անգամ, երբ տեղի է ունենում Լուսնի կամ Արեգակի խավարում, այսինքն` տարեկան մեկ-երկու անգամ, սակայն դա երկրի առանցքի տեղաշարժի չի հանգեցնում: «Երկրի առանցքի տեղաշարժ անհնար է,  նման բան չի կարող լինել»,-հավաստիացրեց աստղագետը: Նա  հավաստիացրեց, որ առաջիկայում աստղագիտական որեւէ անոմալ երեւույթ չի սպասվում, որը կարող է սպառնալ Երկրի գոյությանը: «Դեկտեմբերի 21-ը երկրային արեւադարձի օրն է, այսինքն տարվա մեջ ամենակարճ օրը, եւ դա միակ աստղագիտական բացատրությունն է այդ օրվա հետ կապված:  Այդ օրն ավարտվում է  արեգակնային ցիկլը, եւ միանգամայն հնարավոր է, որ Մայաների արեգակնային օրացույցը պետք է ավարտվի հենց այդ օրը»,-նկատեց Ա. Միքայելյանը` ավելացնելով, որ Մայաների օրացույցը նույնպես մարդիկ են կազմել եւ ինչ- որ ժամկետի վրա այն պետք է ավարտվի: «Եթե հետազոտենք, օրինակ, ացտեկների կամ ինկերի օրացույցները, այնտեղ եւս հնարավոր կլինի ինչ-որ ժամկետներ գտնել»,-կատակով նկատեց աստղագետը:

«Այլ խնդիր է, որ Արեգակի ակտիվությունը, որը 11-ամյա ցիկլ ունի, հիմա ավելանում է,  եւ հաջորդ տարվա սկզբին` հունվար-փետրվարին, կհասնի պիկին: Այս տարի Արեգակը բավականին ակտիվ էր, մի քանի բռնկում  է տեղի ուենեցել: Նման բռնկումները լուրջ ազդեցություն են ունենում այն առումով, որ կարող են ազդել Երկրի մագնիսական դաշտի վրա, ինչը կարող է անգամ էլեկտրակայանների անջատման բերել, ինչպես նաեւ ազդել մարդկանց առողջական վիճակի վրա եւ այլն: Նման  պրոցեսներ հնարավոր են, սակայն դրանք չեն կարող հանգեցնել Երկրի կործանման»,-նշեց աստղագետը: