Արտաքին աշխարհի նկատմամբ ՀՀ առեւտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները 2012 թ. երրորդ եռամսյակի վերջին կազմել են մոտ 1.06 մլրդ դոլար` նախորդ եռամսյակի վերջի 1.04 մլրդ դոլարի փոխարեն: Այդ մասին նշված է ՀՀ կենտրոնական բանկի երրորդ եռամսյակի բանբերում:
2012 թ. երրորդ եռամսյակի ընթացքում առեւտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները արտաքին աշխարհից ներգրավել են 700.1 մլն դոլար վարկային միջոցներ, նախկինում ձեռք բերված վարկերի դիմաց կատարել են 662.7 մլն դոլար հիմնական գումարի մարումներ:
Վարկային մուտքերի 40.2 %-ը ստացվել է Ռուսաստանից, իսկ 27.9%-ը` միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ 14.8 %-ը`Մեծ Բրիտանիայից, 12.7 %-ը` Լյուքսեմբուրգից եւ այլն:
2012 թ. երրորդ եռամսյակի վերջին ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նախորդ եռամսյակի վերջի համեմատ նվազել է եւ կազմել 5.9 %: Արտաքին վարկերի 45%-ը լողացող (LIBOR, EURIBOR եւ այլն) տոկոսադրույքով է: Վարկերի միջին ժամկետայնությունը 5.0 տարի է: Կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռը նվազել է եւ կազմել ներգրավված վարկերի 7.7 %-ը:



























