Լեւոն Զուրաբյանի եւ իմ հանդիպման փաստի եւ զրույցի բովանդակության շուրջ որեւէ սենսացիա չկա եւ չի կարող լինել: Որպես ՀՀ քաղաքացի, պատգամավոր եւ քաղաքական գործիչ՝ մեր իրավունքն է՝ հանդիպել ցանկացած վայրում եւ զրուցել ցանկացած թեմայի մասին: Այդ մասին հայտարարել է նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը` մեկնաբանելով իր եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի գաղտնի զրույցի հրապարակման փաստը:
«Այստեղ միակ սենսացիան այն է, որ ժողովրդի կողմից ընտրված երկու պատգամավոր հետապնդվում են, պետական ռեսուրսներ են վատնվում նրանց գաղտնալսելու համար:
Այս հարցի կապակցությամբ ես երեք նկատառում ունեմ.
1. Այն, ինչ արվել է, բացարձակապես անընդունելի է, դատապարտելի է եւ անօրինական է: Ես կարծում եմ, որ իրավապահ մարմիններն այս հարցին պետք է հետամուտ լինեն եւ հայտնաբերեն ու պատասխանատվության ենթարկեն զրույցը ձայնագրողներին եւ տարածողներին:
2. Նրանք, ովքեր կազմակերպել եւ տարածել են ձայնագրությունը, ընդհանրապես արհարամրհում են Հայաստան պետության վարկն ու հեղինակությունը:
3. Ակնհայտորեն որոշ մարդիկ պետության շահերի պաշտպանությունը շփոթում են իշխանության շահերի պաշտպանության հետ»,- նշել է նա:





























