«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ մեկնաբանել խորհրդարանում իր գործընկերների զրույցի բովանդակությունը: «Ես դատապարտում եմ պատգամավորների զրույցի ձայնագրումը: Աշխատանքի նման մեթոդները բնորոշ են խորհրդային ԿԳԲ-ին, եւ դրանք ոչ մի դեպքում չպետք է մեր կյանքի մաս կազմեն»,-այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Փաշինյանը:
«Համարում եմ, որ իրավապահ մարմինները՝ ղեկավարվելով Քրեական օրենասգրքի 46-րդ հոդվածով, պետք է գործ հարուցեն ապօրինի գաղտնալսման փաստի առթիվ»,-հայտարարեց ՀԱԿ պատգամավորը, միաժամանակ ընդգծելով, որ ինքը ձեռնպահ կմնա մեկնաբանություններից, քանի դեռ իրավապահ մարմինները չեն գտել մեղավորներին:
Հարցին, թե իր կարծիքով ո՞ւմ դեմ էր ուղղված այդ ձայնագրությունը, եւ արդյոք դա կհանգեցնի՞ ՀԱԿ-ի փլուզման, Փաշինյանն արձագանքեց, որ մտադիր չէ մեկնաբանել խոսակցության բովանդակությունը եւ դրա հրապարակման հետեւանքները:
Նա նաեւ չցանկացավ պատասխանել հարցին, թե ինչպես այդ ձայնագրությունը կանդրադառնա Հրանտ Բագրատյանի՝ ՀԱԿ-ի ղեկավարության հետ ունեցած հարաբերությունների վրա: «Մենք ՀԱԿ-ի անդամ ենք եւ մնում ենք Կոնգրեսի անդամներ»,-ասաց նա:
Նշենք, որ նախկին ԱԳ նախարար, այժմ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի եւ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի միջեւ զրույցի ձայնագրությունը տեղադրվել է YouTube-ում: Զրույցի հիմնական թեման ՀԱԿ-ի առանձին անդամների վերաբերմունքն է ԲՀԿ-ի հետ համագործակցելու, առաջիկ նախագահական ընտրությունների եւ ՀԱԿ-ի կողմից հնարավոր թեկնածուի առաջադրելու վերաբերյալ:
Ձայնագրության մեջ Զուրաբյանը հեգնական տոնով է խոսում մարտի 1-ի դեպքերի, մասնավորապես, առաջիկա ընտրարշավում դրանց վրա ուշադրություն սեւեռելու մասին:
Լրատվամիջոցների կողմից ձայնագրության տարածումից հետո Լեւոն Զուրաբյանն ու ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ում մասին եւս խոսվում է զրույցում, հանդես են եկել հայտարարություններով, որտեղ մեղադրել են ԱԱԾ-ին մասնավոր զրույցները գաղտնալսելու եւ տարածելու մեջ, ինչը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը: Ձայնագրության մեջ հիշատակվում է նաեւ Հրանտ Բագրատյանի անունը:





























