Ադրբեջանը հայտնվել է աշխարհի ամենառազմականացված երկրների տասնյակում` ըստ Բոննի կոնվերսիայի միջազգային ինստիտուտի վարկանշային ցանկի: Հայաստանն այդ ցուցակում զբաղեցնում է 23-րդ տեղը:
Մասնավորապես նշվում է, որ «Կովկասի երկու հարեւանների սպառազինությունների անհանգստացնող մրցավազքը հանգեցրել է նրան, որ Ադրբեջանը հայտնվել է աշխարհի ամենառազմականացված երկրների առաջին տասնյակում, իսկ Հայաստանը զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը: Հաշվի առնելով երկու կողմերի ռազմական ներուժի ավելացումը, դիվանագիտական հռետորաբանությունը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերսկսման սպառնալիքը` եկել է կանխարգելիչ միջոցառումներն ուժեղացնելու եւ զինաթափման շուրջ բանակցությունների անցկացման ժամանակը»:
Վարկանիշի կազմման գլխավոր ցուցանիշներից մեկը երկրի ՀՆԱ-ի նկատմամբ ռազմական ծախսերի մակարդակի հարաբերակցությունն է: Այդ պատճառով էլ ԱՄՆ-ն, առաջ լինելով շատ երկրներից, այդ թվում նաեւ՝ Ռուսաստանից, ռազմական ծախսերի գումարով հայտնվել է միայն 30-րդ հորիզոնականում: Նույնը Չինաստանի դեպքում է, որը վարկանիշում զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը:
Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա այն հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվում է ամենառազմականացված երկիրը: NEWSru Israel-ը նշում է, որ վարկանիշի 22 տարվա հրապարակման ընթացքում հրեական պետությունը միայն հինգ անգամ է զիջել առաջին հորիզոնականը:
Ամենաքիչ ռազմականացված երկրներն են Մադագասկարը, Նիգերը, Յամայկան, Գանան եւ Մավրիկիան:
Աշխարհի ամենառազմականացված երկրների առաջին տասնյակը, ըստ Բոննի կոնվերսիայի միջազգային ինստիտուտի վարկանիշի, հետեւյալ տեսքն ունի.
1. Իսրայել
2. Սինգապուր
3. Սիրիա
4. Ռուսաստան
5. Հորդանան
6. Կիպրոս
7. Քուվեյթ
8. Ադրբեջան
9. Բահրեյն
10. Սաուդյան Արաբիա





























