Հայաստանի քաղաքական ասպարեզում իսկական դիմակահանդես է ընթանում, իսկ հետո դիմակները պատռվելու են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Նրա համոզմամբ, մեր երկրում ոչինչ չի փոխվի, քանի որ քաղաքական գործիչների մոտ բացակայում է կարմրելու եւ ամոթ զգալու ունակությունը:

«Տարբեր քաղաքական գործիչներ լուրջ նախընտրական խոստումներ են տալիս, որոնք նրանք ի վիճակի չեն կյանքի կոչել»,-ասաց Թովմասյանը, իսկ Հայաստանի խորհրդարանն անվանեց «հարազատների ժողով», որն ամեն անգամ կրկնվում է:

«Հայաստանում ներկա ներքաղաքական գործընթացները բարդ բնույթ ունեն: Հնարավոր է, որ առաջիկա նախագահական ընտրություններում լինեն նոր առաջադրումներ, սակայն նոր մարդիկ նույնպես իրենց հետ ոչինչ չեն բերում: Մեր երկրում տիրում է փառամոլությունը, տգիտությունն ու կոռուպցիան»,-ընդգծեց գլխավոր կոմունիստը:

Կոմկուսի նախընտրական ծրագրերի վերաբերյալ հարցին, Ռուբեն Թովմասյանն արձագանքեց, որ իրենց կուսակցությունը մոտ ժամանակներս, մինչեւ դեկտեմբերի 30-ը Կենտկոմի պլենում կհրավիրի եւ այդ հարցով որոշում կկայացնի: Նա նաեւ չբացառեց, որ Կոմկուսը կպաշտպանի որեւէ քաղաքական ուժի: