Հայաստանում հիփոթեքային վարկավորման եռամյա պահանջարկը կազմում է 730 մլն դոլար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Երեւանում հայտարարել է «Ամերիա» ընկերության խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը՝ Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) կողմից կազմակերպված շնորհանդեսի ժամանակ: Գործակալությունը պատրաստվում է Հայաստանում մի շարք ծրագրեր քննարկել, այդ թվում հիփոթեքային ֆինանսավորման ոլորտում:

Նրա խոսքով, դրանից շուրջ 350 մլն դոլարը կազմում է բնակարանների գնման, իսկ 38 մլն դոլարը՝ դրանց վերանորոգման պահանջարկը: Այս արդյունքներն ստացվել են Հայաստանի 10 քաղաքներում 1020 մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքում:

«Վարկավորման նախընտրելի պայմանները տարբեր են եղել՝ կախված աշխարհագրությունից: Այսպես, Շիրակի մարզում պահանջարկը կազմում է տարեկան 7 տոկոս, 250 ամսով կամ 20 տարուց մի փոքր ավելի»,-ասել է Ջրբաշյանը:
Նշենք, որ նման պայմանները կրկնակի մեղմ են այսօր Հայաստանի շուկայում գործող պայմաններից (դրամական վարկավորման դեպքում տարբերությունն ավելի մեծ կլինի):

«Ամերիան» նախընտրելի պայմաններ է համարում 60-120 ամսով, տարեկան 6-14 տոկոսով վարկավորումը՝ բնակարան գնելու համար: Բնակարանի վերանորոգման նախընտրելի պայմաններն են 50-360 ամսով, տարեկան 15 տոկոսով վարկավորումը:

Նշենք, որ հաշվարկված պահանջարկը (739 մլն դոլար) մոտավորապես 2,2 անգամ գերազանցում է բանկերի եւ վարկային կազմակերպությունների հիփոթեքային համախառն պորտֆելը հոկտեմբերի վերջի դրությամբ (329,9 մլն դոլար):

Տիգրան Ջրբաշյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է. «Մեր նպատակը շուկայի պահանաջարկը շոշափելն է, որի հիմքի վրա AFD-ն, որպես հնարավոր գործընկեր, եւ այլ միջազգային կազմակերպություններ պատրաստվում են նախագիծ կազմել: Կարծում եմ, որ այն կլինի համեմատաբար հասանելի եւ հիփոթեքային վարկավորման շուկայում պահանջարկ կձեւավորի»: