Եգիպտոսի փարավոն Ռամզես III-ը, որը երկիրը կառավարել է մ.թ.ա. 12-11 դարերում, սպանվել է իր կնոջ՝ Թեյեի եւ որդու՝ Պենտավերի ձեռքով: Նման եզրակացության է եկել հնագետների խումբը՝ մումիաների եւ սառցե մարդու իտալական ինստիտուտի գիտնական Ալբերտ Ցինկի գլխավորությամբ:

Ինչպես հաղորդում է BMJ-ն, ըստ հնագետների եզրակացության, Ռամզես III-ի կոկորդը կտրել են դաշույնով եւ նա մահացել է: Ավելի վաղ հայտնի էր, որ Ռամզես III-ը պալատական խարդավանքների զոհ է դարձել, սակայն պարզ չէր, թե արդյոք դրանից հետո նա կենդանի է մնացել:

Հնագետները մանրամասնորեն ուսումնասիրել են Ռամզես III-ի եւ նրա որդու՝ Պենտավերի մումիաները: Պարզվել է, որ եգիպտացի փարավոնի վզի վրա 7 սմ երկարությամբ կտրված վերք կա: Վերքն այնքան խորն է եղել, որ դաշույնը հասել է մինչեւ ողերին, կարծում են հնագետները: Նրանց համոզմամբ՝ նման վերքով Ռամզես III-ը կարող էր ապրել առավելագույնը մի քանի րոպե:

Փարավոնի որդու մումիայի ուսումնասիրությամբ պարզվել է, որ երիտասարդի վզի վրա բազմաթիվ ծալքեր են եղել, իսկ կրծքավանդակը անսովոր մեծացած է եղել: Դրանից հնագետները եզրակացրել են, որ երիտասարդին կենդանի-կենդանի թաղել են, կամ՝ խեղդել, հաղորդում է «ԱԻՖ»-ը: