Հայաստանի նախագահի ելույթը ժողովրդավարական արժեքներին հավատարիմ պետական գործչի ելույթ էր: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ համագումարում ունեցած ելույթի առանցքային պահերին:

«Իր ելույթում նախագահը բարձր գնահատեց Հայաստանի ձեռքբերումներն անկախությունից հետո, չստվերելով ոչ մի ձեռքբերում: Նա ընդգծեց անկախության առաջին տարիների ձեռքբերումները՝ այդ տարիները համարելով պայքարի, այլ ոչ թե՝ ցրտի ու սովի տարիներ: Դրանից հետո նախագահը նշեց երկրի վրա տնտեսական ճգնաժամի ազդեցությունը, ինչպես նաեւ անդրադարձավ տնտեսական աճին: Խոսելով բացթողումների մասին, երկրի ղեկավարը ոչ ոքի քննադատության չենթարկեց, նշելով, որ բոլոր այդ բացթողումների թիկունքում մենք ենք կանգնած: Նա նաեւ ընդգծեց, որ եթե մենք ուզում ենք լուրջ ձեռքբերումներ ունենալ, ուրեմն հուսահատվելու իրավունք չունենք»,-ասաց Շարմազանովը:

ՀՀԿ մամուլի խոսնակը առանձնացրեց նաեւ Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածը, որտեղ նա խոսում է վերջին տարիների ձեռքբերումների մասին: «Նախագահն ընդգծեց կարեւորությունն այն բանի, որ, ի տարբերություն այլ երկրների, որոնք տնտեսական ճգնաժամի հետեւանքով թուլացել են, Հայաստանում հնարավորինս մեղմացվել են տնտեսական ճգնաժամի հետեւանքները: Միաժամանակ, նախագահն ազնիվ էր ժողովրդի հետ եւ նշեց, որ արվածը բավարար չէ եւ այդ ուղղությամբ ջանքերը շարունակվում են: Նախագահի ամենակարեւոր մեսիջն այն է, որ այլեւս երբեք ոչ ոք չի կարող ոտնձգություն կատարել լրոգրողի խոսքի ազատության եւ մասնագիտական գործունեության դեմ: Եվ եթե մենք ուզում ենք ունենալ ապահով Հայաստան, ապա դրա երաշխիքը լրատվամիջոցներն են եւ բազմակարծությունը»,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:

Շարմազանովն ընդգծեց նաեւ այն, որ Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է երկրի քաղաքական կյանքին, նշելով, որ պետությունը հրաժարվում է քաղաքական ընդդիմախոսներին դավաճան կոչելու մոտեցումից: Նախագահի ներկայացմամբ, պայքարը պետք է ընթանա ոչ թե ընդդեմ անձերի, այլ հանուն գաղափարների:

Անդրադառնալով ՀՀ նախագահի՝ պաշտոնյաներին ուղղված խոսքին, Շարմազանովը նշեց ՀՀ քաղաքացիների հետ «Դուք»-ով խոսելու հիշատակումը: «Դրանում մեծ արժեք կա: Դա նշանակում է, որ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի քաղաքացուն զրկել հույսից: Անդրադառնալով Հայաստան-սփյուռք հարաբերություններին, նախագահը հիշեցրեց, որ ինչ-որ ֆրասնահայ ժամանակին իրեն պատմել է, որ իր աշխատավայրում առիթ չի եղել գործընկերներին ասել, որ ինքը հայ է, բայց Շուշիի ազատագրումից մի քանի օր անց նա չի դիմացել եւ իր հայ լինելու մասին ասել է բարձրաձայն եւ հպարտությամբ»,-ասաց նա:

«Նախագահն ընդգծեց, որ Հայաստանը կայացած ու մարտունակ բանակ ունի, որն ապահովում է մեր հայրենիքի անվտանգությունը, սակայն, միաժամանակ, նախագահը հիշատակեց այդ ոլորտում բացթողումների մասին, նշելով, որ դրանց դեմ պետք է պայքարել: Նախագահը նաեւ ընդգծեց, որ բոլորիս ուշադրության կենտրոնում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորումը, միջազգային քաղաքական եւ տնտեսական համագործակցության գործընթացներում Հայաստանի ներգրավվածության ընդլայնումը, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների ամրապնդումը, ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացումն ու ընդլայնումը, Եվրոպայի հետ մերձենալու քաղաքականության շարունակումը, մեր արտաքին քաղաքականության մյուս առաջնահերթությունները»: