Հայաստանի խորհրդարանն, իր այսօրվա՝ դեկտեմբերի 18-ի արտահերթ նիստում, վավերացրել է ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի փոփոխությունները, որոնց համաձայն, Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի (ISAF) կազմում հայկական զորախմբի գտնվելու ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը: Փաստաթղթին կողմ է քվեարկել 99 պատգամավոր, ոչ ոք դեմ չի եղել:

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի խոսքով, հայ խաղաղապահներն Աֆղանստանում ռազմական գործողությունների չեն մասնակցում, նրանց խնդիրը միայն անվտանգության ապահովումն է:

Հայաստանի ֆինանսների նախարարության տեղեկատվությամբ՝ հայկական կողմը ֆինանսական պարտավորություններ չի կրում: Աֆղանստանում հայ խաղաղապահների ծառայությունը ֆինանսավորում է Գերմանիայի կառավարությունը (բացառությամբ աշխատավարձի), հայկական ջոկատը գտնվում է գերմանական զորախմբի կազմում եւ ենթարկվում է գերմանական հրամանատարությանը: Սպաների աշխատավարձը կազմում է ամսական 640 հազար դրամ: